Ինչպես է Ալբեր Քամյուի փիլիսոփայությունը փրկում մեզ այսօր

09/07/2026
գնորդի ATMA book

1957 թվականին, գրականության Նոբելյան մրցանակն ստանալուց հետո, Ալբեր Քամյուն հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ։ Փարիզյան մտավոր վերնախավը երես թեքեց նրանից՝ մեղադրելով վախկոտության, ազատագրության գործը դավաճանելու և վերացական հումանիզմի մեջ։ Հաղթանակը վերածվեց մենության։

Ռոբերտ Զարեցկիի հեղինակած՝ Քամյուի նոր կենսագրությունը՝ «Կյանք, որն արժե ապրել», առիթ է տալիս վերաիմաստավորելու XX դարի խոշորագույն մտավորականներից մեկի փիլիսոփայությունը։

Ամերիկացի պատմաբանը մեծ գրողի կյանքի մասին իր պատումը կառուցում է հինգ առանցքի շուրջ՝ աբսուրդ, լռություն, չափ, հավատարմություն և ընդվզում։ Իսկ մենք կարդում ենք Քամյուի ճակատագրի մասին և նրա փիլիսոփայության մեջ գտնում հենակետեր, որոնք այսօր օգնում են մեզ հաղթահարել անզորությունը։ Քամյուի անձնական ուղին ծավալվում էր իր դարաշրջանի աղետների համապատկերում։ Ծնունդը գաղութային Ալժիրում, Առաջին համաշխարհային պատերազմում հոր վաղաժամ մահը, որից մնացել էին միայն «գանգից հանված արկի բեկորները, զինվորական խաչն ու աղոտ մի լուսանկար»։ Այնուհետև՝ տեղափոխությունը Ֆրանսիա, մասնակցությունը Դիմադրության շարժմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և, վերջապես, Ալժիրի պատերազմը, որը մտածողին երկու կրակի արանքում էր թողել։

Ի հեճուկս այս աղետների՝ Քամյուն, իր էսսեի հերոս Սիզիփոսի պես, համառորեն վեր էր գլորում սեփական քարը՝ հավատարմությունը երկրային արևին և կենդանի մարդուն։

Աբսուրդը՝ որպես ախտորոշում

Քամյուի համար աբսուրդը մտահայեցողական կառուցվածք չէր․ տասնյոթ տարեկանում նա իմացավ, որ հիվանդ է տուբերկուլոզով։ Դա ցնցում էր և առաջին բախումը չգոյության մոտիկության հետ։ Հենց այդ փորձը նրան մղեց որպես փիլիսոփայական խնդիր ձևակերպելու մարդու և աշխարհի միջև խզումը մի իրականության մեջ, որտեղ Աստծո բացակայությունը կասկածի տակ է դնում գոյության բուն իմաստը։ Մահը՝ որպես աբսուրդի գլխավոր մարմնավորումներից մեկը, ավելի է ընդգծում երկրային կյանքի արժեքը․ չէ՞ որ եթե Աստված մեռած է, վախճանից հետո մեզ ոչինչ չի սպասում։ Քամյուի ձևակերպած գլխավոր հարցն է՝ արդյո՞ք այդ դեպքում կյանքն արժե ապրել։

Գրողն այս խնդիրը ծայրաստիճան սրել է «Օտարը» վեպում։ Նրա հերոս Մերսոյի համար իմաստ ունեցող միակ կյանքը ներկա ակնթարթում ապրած, ֆիզիկապես շոշափելի կյանքն է։ Մերսոն հրաժարվում է մասնակցել հասարակական խաղերին, ստել և զգացմունքներ ձևացնել։ Նրա համար միակ իսկական իրականությունը համատարած «հիման» է՝ արևի ջերմությունը, ծովի ջրի զովությունը, ծխախոտի համը, կնոջ մերձավորությունը։ «Օտարի» հերոսը անտիկ մարդ է՝ նետված XX դար։ Ալբեր Քամյուն իր օրագրում գրել է․ «Քրիստոնեական աշխարհում ինձ հունական սիրտ եմ զգում»։ Արևով ողողված Ալժիրում նա զգում էր «Միջերկրականի ոգին», իսկ իրեն անվանում էր «Հարավի մարդ»։ «Սիզիփոսի առասպելը» էսսեում Քամյուն վերաիմաստավորում է անտիկ հերոսի կերպարը՝ նրան ներկայացնելով ոչ թե որպես տառապյալի, այլ որպես ըմբոստի։ Սիզիփոսի մեջ նա տեսնում էր աբսուրդի հերոսին․ Սիզիփոսն արհամարհում էր աստվածներին, ատում մահը և ծարավ էր կյանքի։ Էսսեի հիշվող ավարտն ընթերցողին առաջարկում է Սիզիփոսին երջանիկ պատկերացնել․ ընդունելով իր աշխատանքի անիմաստությունը՝ նա շարունակում է ապրել բավարարվածության զգացումով, քանի որ չի դավաճանել ինքն իրեն և իր էությանը։ Երբ Սիզիփոսը սեփական քարի հետևից իջնում է լեռան ստորոտը, վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նրա ճակատագիրն իրեն է պատկանում․ հենց այդ պահին նա ձեռք է բերում բացարձակ ներքին ազատություն։

Մարդը չի կարող խուսափել մահից, բայց կարող է խուսափել աբսուրդից՝ ապրելով մահվանն ի հեճուկս։ Հույները հավատում էին ճակատագրին և ապրում մեկ օրով։ Եվ, թերևս, հիվանդությունն էլ քիչ դեր չունեցավ այն բանում, որ Քամյուն պատրաստակամորեն յուրացրեց նրանց այս դասը։

Լռելու իրավունքը

Բելկուրի աղքատ տան մթնոլորտը, որտեղ մեծացել էր Քամյուն, ներծծված էր լռությամբ։ Տանը իշխում էին խիստ ու բռնատիրական տատը և համր տակառագործ քեռին։ Իսկ գրողի մայրը՝ Կատարինա Քամյուն, բնածին ծանրալսության, անգրագիտության և ռազմաճակատում ամուսնու անսպասելի մահվան պատճառով գրեթե միշտ լուռ էր։

Մոր լռությունն Ալբերի համար դարձավ հենց այն գոյաբանական տագնապի աղբյուրը, որից հետագայում ծնվեց նրա արձակը։ Մոր կերպարն անցնելու էր նրա բոլոր առանցքային ստեղծագործությունների միջով և դառնալու էր լուռ ու մարդու հանդեպ անտարբեր աշխարհի արտացոլումը։

Սակայն Քամյուի համար լռությունն անտարբեր տիեզերքի սոսկ փոխաբերություն չէ։ Բախվելով ցավին, պատերազմի սարսափներին և գոյության անարդարությանը՝ մարդկային լեզուն հասնում է իր սահմանին։ Ցանկացած խոսք վերածվում է ստի, իսկ լռությունը՝ գործողության։

Ալժիրի պատերազմը Քամյուի համար դարձավ ծանր փորձություն և անձնական ողբերգություն։ Մինչ ձախ մտավորականները փառաբանում էին հեղափոխությունը՝ աչք փակելով խաղաղ ալժիրցիների շրջանում եղած զոհերի վրա, Քամյուն նախընտրում էր լռել՝ չցանկանալով կողմերից որևէ մեկն ընտրել։ Սիմոն դը Բովուարն այդ օրերին հայտարարում էր, որ Քամյուի լռությունն իրեն «վրդովեցնում է»։

Գրողի համար այս բարդ շրջանի գագաթնակետը դարձավ Նոբելյան մրցանակը նրան հանձնելուց կարճ ժամանակ անց տեղի ունեցած միջադեպը։ Գիտաժողովներից մեկի ժամանակ մի երիտասարդ ալժիրցի ուսանող հրապարակայնորեն և ագրեսիվ կերպով հարձակվեց Քամյուի վրա։ Որպես դարաշրջանի գլխավոր մտավորականներից մեկից՝ նրանից ակնկալում էին բարձրագոչ մանիֆեստներ և միանշանակ դիրքորոշում։

Գրողի պատասխանը գրանցեցին ու տարածեցին տասնյակ թերթեր․

«Հենց այս պահին Ալժիրի տրամվայներում ռումբեր են պայթեցնում։ Մայրս կարող է այդ տրամվայներից մեկում լինել։ Եթե սա է արդարությունը, ապա ես նախընտրում եմ մորս»։

Այն ժամանակ շատերն այս խոսքերը համարեցին «քաղաքական կուրություն»։ Փարիզի ձախակողմյան թերթերը նրան անվանում էին «մարդկային դեմքով գաղութարար» և «մտավորական դասալիք»։ Սակայն Ալբեր Քամյուի պատասխանի մեջ արտացոլված էր նրա փիլիսոփայության էությունը։ Որևէ վերացական «արդարություն» չի կարող գոյություն ունենալ, եթե հանուն դրա հարկավոր է զոհաբերել անմեղ կյանքը։

Երբ խոսքերն օգտագործվում են սպանություններն արդարացնելու համար, միակ ազնիվ դիրքորոշումն ու ճշմարտության բարձրագույն ձևը դառնում է բռնության լեզվով խոսելուց հրաժարումը։

Ոչինչ՝ չափից ավելի

Հույների համար աշխարհակարգի դեմ ուղղված ծանր հանցագործություն էր «հյուբրիսը»՝ գոռոզությունն ու չափի խախտումը։ Միջերկրածովյան մարդկանց, որոնց շարքին Քամյուն դասում էր նաև իրեն, հատուկ է սահմանը պահպանելու արվեստը՝ վտանգավոր գծից առաջ կանգ առնելու կարողությունը։ Չէ՞ որ միայն իր ներհատուկ սահմաններն ու սահմանափակումներն ընդունելով՝ մարդը կարող է իսկապես գնահատել կյանքն ու դրա յուրաքանչյուր ակնթարթը։

Մինչև կյանքի վերջը Ալբեր Քամյուն ծրագրում էր ծավալուն էսսե գրել՝ ամբողջությամբ կենտրոնացած Նեմեսիսի կերպարի վրա։ 1960 թվականի ավտովթարը վերջ դրեց այդ ծրագրերին, և աշխատանքը մնաց սևագրերում։ Քամյուն պնդում էր, որ Նեմեսիսը պետք է վերաիմաստավորվի ոչ թե որպես վրեժի, այլ որպես չափի աստվածուհի։ Նրա պատիժը հատուցում է հյուբրիսի համար՝ իբրև այս աշխարհում հավասարակշռության խախտման։ Նեմեսիսը խորհրդանշում է այն սահմանը, որը չի կարելի անցնել, եթե ուզում ենք պահպանել տիեզերքի ներդաշնակությունը, որտեղ ստվերը հավասարակշռում է լույսը, իսկ լույսը՝ ստվերը։

Քամյուն չափն ընկալում է որպես բարձրագույն առաքինություն՝ հրաժարում բացարձակից հանուն կենդանի ու խոցելի մարդու, հարգանք աշխարհի փխրունության և գեղեցկության հանդեպ։ Չափի սկզբունքն ընկած էր նաև մահապատժի դեմ գրողի պայքարի հիմքում։ Հոր մասին Քամյուին հայտնի սակավաթիվ դրվագներից մեկն այն պատմությունն էր, թե ինչպես էր հայրը, արդար դատավճռին հավատալով, գնացել հրապարակային մահապատիժ դիտելու։ Բայց տուն վերադառնալուց հետո նա չէր կարողացել որևէ բառ ասել․ անդադար փսխել էր։ Օրինականացված սպանության դեմ մարմնի այս բողոքը Քամյուն հետագայում տեղափոխեց «Ժանտախտը» վեպի էջեր՝ այն դարձնելով Ժան Տարուի կյանքի առանցքային իրադարձությունը։ Երիտասարդ տարիներին «Ժանտախտի» հերոսը քաղաքական արմատական էր և մասնակցում էր հեղափոխական շարժմանը։ Սակայն հետագայում Տարուն աշխարհը վերակառուցելու մեծածավալ գաղափարներից անցնում է այստեղ և հիմա ցուցաբերվող կոնկրետ օգնությանը։ Բժիշկ Ռիեի այն հարցին, թե ինչի է ցանկանում հասնել Տարուն, նա պատասխանում է․ «Ինչպե՞ս սուրբ դառնալ․ ահա թե ինչն է ինձ հետաքրքրում… Սուրբ՝ առանց Աստծո․ սա միակ կոնկրետ խնդիրն է, որ այսօր գիտեմ»։

Ընդվզման գլխավոր վտանգը Քամյուն տեսնում էր չափը կորցնելու դրա հակման մեջ։ Սահմանները մոռացած ընդվզումը վերածվում է ահաբեկչության․ հեղափոխականն իրեն աստված է հռչակում, իսկ աստծուն այլևս ոչինչ չի զսպում։ Այս մասին մտածողը բացահայտ խոսում է իր «Ըմբոստ մարդը» էսսեում։ Քննադատելով պատմական դետերմինիզմն ու ձախակողմյան դոգմաների արմատականությունը՝ նա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են մի ճնշողներին փոխարինելու գալիս ուրիշները։

Այս ազնվության գինը դարձավ երեկվա համախոհների կազմակերպած հրապարակային հալածանքը։ Ժան-Պոլ Սարտրը «Ըմբոստ մարդու» մասին ջախջախիչ գրախոսություն հրապարակեց, որից հետո նրանց հարաբերությունները վերջնականապես փչացան, իսկ Քամյուի կյանքում սկսվեց ստեղծագործական անզորության և ընկճախտի մռայլ ու ծանր մի շրջան։

Հավատարմություն մահկանացու ներկային

1942 թվականին Քամյուն օրագրում գրեց․ թերևս «Ոդիսականի» ողջ խորքային իմաստն այն է, որ դրա հերոսը Կալիպսոյի առաջարկած անմահությունից գերադասեց սովորական, երկրային դժբախտություններով լի կյանքը։ «Եվ մենք էլ Ոդիսևսի պես պետք է ընտրենք Իթական,— ամփոփում է գրողը,— լույսով ողողված աշխարհը մնում է մեր առաջին և վերջին սերը»։

Այս ընտրության մեջ ընթերցվում է նաև Քամյուի անձնական փիլիսոփայությունը՝ հրաժարում կատարյալ, անբիծ «դրախտից» հանուն անկատար, բայց շոշափելի ներկայի։ Մահկանացու աշխարհը սիրելն ավելի դժվար է, քան վերացական անմահությանը երկրպագելը։ Այնտեղ, որտեղ Աստված այլևս բարոյական օրենքի երաշխավորը չէ, հավատարմությունը դառնում է մարդկային արժանապատվությունը փրկող գլխավոր առաքինությունը։

Քամյուն հավատարմությունը հասկանում էր երկու դրսևորմամբ․ առաջինը հավատարմությունն է ինքդ քեզ։ Աբսուրդային աշխարհում մարդը պետք է ազնիվ լինի ինքն իր առաջ՝ հետևի իր էությանը, ընդունի սեփական սահմանափակումները և հրաժարվի մխիթարող ստից։ Երկրորդը հավատարմությունն է՝ որպես համերաշխություն։ Այստեղ բացահայտվում է Քամյուի գրեթե քրիստոնեական այլասիրությունը, որը ենթադրում է անվերապահ հարգանք յուրաքանչյուր մարդու արժանապատվության հանդեպ։ Օկուպացիայի տարիներին Քամյուն ընդհատակում վտանգում էր կյանքը՝ խմբագրելով Դիմադրության շարժման անօրինական «Կոմբա» թերթը։ Դա ծառայություն էր ոչ թե Պատմությանը, այլ նեղության մեջ հայտնված կոնկրետ մարդկանց հանդեպ հավատարմության դրսևորում։

Գրողի սիրելի հունական ողբերգությունը տարբերվում է քրիստոնեական դրամայից․ այն ավելի նրբորեն է կառուցված։ Եթե քրիստոնեական դրամայում միշտ հստակ սահմանագիծ կա բարու և չարի, մեղքի և քավության միջև, ապա անտիկ ողբերգության մեջ, որպես կանոն, բախվում են կողմեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր՝ բարոյապես հիմնավորված ճշմարտությունը։

Քամյուի համար հավատարմության հայեցակարգի գլխավոր հերոսուհին Անտիգոնեն է։ «Անտիգոնեում» իրավացի են երկուսն էլ՝ և՛ պետության օրենքը պաշտպանող Կրեոնը, և՛ արյան ու աստվածների օրենքը պաշտպանող Անտիգոնեն։ Խախտելով Կրեոնի օրենքը՝ Անտիգոնեն ենթարկվում է շատ ավելի հին ու խորքային մի օրենքի՝ մահացած եղբոր և սեփական տոհմի հանդեպ սրբազան պարտքին։ Կրեոնը մտածում է նպատակահարմարության ու կարգի կատեգորիաներով, ինչպես Սարտրը՝ Պատմության կատեգորիաներով՝ արդարացնելով բռնությունը։ Անտիգոնեն մտածում է հավատարմության և սիրո կատեգորիաներով։ Նա մահվան է գնում ոչ թե հանուն վերացական գաղափարի հաղթանակի, այլ մարդ մնալու համար։

Ստեղծարար ընդվզում

Եթե Սիզիփոսը Քամյուի համար աբսուրդի հերոսն էր, ապա Պրոմեթևսը դարձավ ընդվզման բացարձակ խորհրդանիշը։ Աշխարհին «աբսուրդ» ախտորոշումը տալուց անմիջապես հետո Քամյուն առաջարկում է գոյաբանական լուծումը։

Ինչ-որ բանի «ոչ» ասելով՝ ըմբոստ մարդը միաժամանակ ձևակերպում է իր «այո»-ն։ Քամյուի մոտ ընդվզումը դառնում է ստեղծարար արարք։ Պրոմեթևսը կրակը գողանում է աստվածներից և տալիս մարդկանց՝ «ոչ» ասելով աստվածային կամայականությանը և «այո»՝ մարդկությանը։ Սա մետաֆիզիկական ընդվզման դրսևորում է ընդդեմ բուն աշխարհակարգի, ընդդեմ մահկանացու ճակատագրի։

Ժամանակակից աշխարհում սա ընդվզում է աբսուրդի դեմ․ համր տիեզերքից իմաստ պահանջելով և պատասխան չստանալով՝ մարդն ինքն է գործողության միջոցով ստեղծում այդ իմաստը։

Քամյուն խորապես ազդվել էր Նիցշեից, սակայն, ի տարբերություն նրա, ֆրանսիացի մտածողն այլ ընտրություն կատարեց։ Անտիկ աշխարհում նրան գրավում էին ոչ թե կործանման ու քաոսի դիոնիսոսյան հափշտակությունը, այլ ապոլոնյան կարգավորվածությունն ու չափը։ Այդ օրերին նորաձև նիհիլիզմի մեջ ընկնելու փոխարեն նա ընտրում էր պարզ ուրախությունը՝ սիրել երկրային կյանքը՝ ի հեճուկս դրա ողբերգական անիմաստության։ Անցնելով անձնական աղետների, պատերազմների և համատարած մենության միջով՝ նա հասավ լույսին։ Աբսուրդի հետ բախումը նրա համար դարձավ ոչ թե փակուղի, այլ ճանապարհի սկիզբ։

Երջանիկ Սիզիփոսը

Ալբեր Քամյուն զոհվեց 1960 թվականի հունվարի 4-ին՝ ավտովթարի հետևանքով։ Մեքենան, որով նա ճանապարհորդում էր իր հրատարակիչ Միշել Գալիմարի հետ, ամբողջ արագությամբ բախվեց սոսիին։ Գրողն ընդամենը քառասունվեց տարեկան էր։ Նրա վերարկուի գրպանում գտան չօգտագործված գնացքի տոմս․ Քամյուն պատրաստվում էր գնացքով մեկնել, սակայն վերջին պահին տեղի էր տվել ընկերոջ համոզումներին։ Ջարդված բեռնախցիկում գտան ճանապարհի ցեխով կեղտոտված՝ «Առաջին մարդը» անավարտ վեպի ձեռագիրը։

Գավառական Լուրմարենում Քամյուին հրաժեշտ տվեցին լուռ ու սակավամարդ արարողությամբ։ Դագաղի հետևից գնում էին միայն ընտանիքի անդամներն ու մի բուռ ամենամտերիմ ընկերներ։ Նրան հուղարկավորում էին ոչ թե որպես քաղաքական կուռքի, այլ որպես հարևանի, ընկերոջ և մարդու։

Քամյուի փիլիսոփայությունը մխիթարություն չի առաջարկում, բայց կարող է օգնել գոյատևել մի աշխարհում, որտեղ երաշխիքներ չկան։ Ինչպես հայտնի է՝ «մարդը հանկարծամահ է»․ սակայն Քամյուի պատգամների համաձայն՝ սա ընդամենը առիթ է եռապատիկ ուժով սիրելու կյանքն ու դրա լույսը։ Հակասություններից բզկտված աշխարհում կարելի է ոչնչի հետ չհամաձայնել, բայց հավատարիմ մնալ մերձավորին։ Կարելի է պարզապես լռել՝ սուտը չբազմապատկելու համար։ Եվ շարունակել գլորել սեփական քարը՝ մարդկային դեմքը համառորեն հակադրելով անդեմ Պատմությանը։

Ստելլա Ավրամենկո



Մեկնաբանություններ

Հաղորդագրություն չի գտնվել

Գնահատել